31/05/2018 17:27
Պետք է ամեն ինչ անել, որ կառավարության հանդեպ եղած վստահությունը վերածվի գնահատականի. Սերգեյ Բագրատյան
2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման ու սոցիալական բեռը թեթևացնելուն ուղղված մի շարք խնդիրներ, որոնց մասին մշտապես խոսվում է, մինչդեռ դրանք լուծում չեն ստանում։ Կարող է արդյոք նոր կառավարության ծրագիրը որոշակի իրավիճակ փոխել, թե ոչ։ Այս հարցին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
- Պարոն Բագրատյան, ամեն տարի բյուջեի քննարկման ժամանակ ձեր խմբակցությունն անընդհատ բարձրաձայնում է խնդիրներ, որոնք չեն լուծվում, իսկ ՀՀԿ-ն պնդում է, որ Փաշինյանի ծրագիրը չի տարբերվելու իրենց ծրագրից։ Կարծո՞ւմ եք հաջորդ կատարողականի ժամանակ ձեր դժգոհությունները կմեղմվեն և այս պատկերն այլևս չենք ունենա։
- Երբ անընդհատ այդ հարցերը բարձրացնում ենք, շատերն են մտահոգություն հայտնում՝ արդյոք մեր ձայնը հասանելի է։ Անընդհատ տեսնում ենք հանրապետականները դեմ են քվեարկում և ոչինչ հնարավոր չի լինում անել, մեր օրենսդրական նախաձեռնությունները արգելափակվում էին քվեարկության արդյունքում, բայց ես միշտ նշել եմ, որ սա հանրային հարթակ է, և մեր բարձրացած հարցերը հանրությունն անպայման քննարկում ու ձևավորվում է կարծիք։ Հնարավոր է գործողություններ անել, օգնել քաղաքացիներին ավելի պաշտպանված լինել, բայց իշխանությունը դա չի անում։
Ես ասել եմ, որ երբ հանրային ընկալման մեջ բողոքի այն աստիճանը կբարձրանա, որը մենք տեսանք տարվա վերջին և այս տարվա սկզբին, կհամոզվենք, որ բարձայնված հարցերը հստակ տեղավորվում են գիտակցության այն մակարդակում, որը մի օր պոռթկում է։ Խնդրին լուծում տալու համար դրա մասին բարձրաձայնելը լավագույն ճանապարհն է։ Դրանից հետո արդեն այդ խնդիրների մի մասին պետք է լուծում տալ, մի մասի համար՝ կոնկրետ ժամանակացույց կազմել։
- Նման ժամանակցույց այս կառավարությունից ակնկալո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը պնդում է՝ ինքը գիտի այն ճանապարհները, որտեղից պետք է փողերը վերադարձնել բյուջե։
- Ես վստահություն ունեմ նոր կառավարության նկատմամբ։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ վստահությունը վերածվի նաև գնահատականի։ Ես միշտ ասում եմ, որ գնահատական պետք է տալ նախկին արված աշխատանքին, որպեսզի ճանաչենք սխալներն ու նոր աշխատանքը ճիշտ անենք։