06/06/2018 15:06
Վերաքննիչ դատարանը որոշեց ազատ չարձակել Գևորգ Սաֆարյանին
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշեց հետաձգել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ հարցի լուծումը: Այսպիսով, Սաֆարյանն այս պահին ազատ չի արձակվի։
«Ներկայացված միջնորդությանը պետք է անդրադառնալ վերաքննիչ բողոքներին փաստարկներին ըստ էության անդրադառնալիս ու վերջնական դատական ակտ կայացնելիս», -որոշումը հրապարակեց դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։ Դատավորը նաև նշեց, որ բողոքները մոտ ապագայում կստանան վերջնական լուծում։
Նշենք, որ այսօր` մինչ որոշման հրապարակումը, Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն, և միաժամանակ նշեց, որ եթե այդ միջնորդությունը մերժվի, ներկայացնում է նաև ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի անձնական երաշխավորությունը՝ Սաֆարյանին ազատ արձակելու դիմաց։
Դատախազը չառարկեց ներկայացված միջնորդությանը հետևյալ պատճառաբանությամբ.
«Իրադրության փոփոխման պայմաններում էականորեն նվազել է ամբաստանյալի կողմից նոր հանցագործություններ կատարելու հավանականությունը»։
Դատախազի առարկությանն առարկեց ինքը՝ Գևորգ Սաֆարյանը, և հայտարարեց, որ ինքը երբևէ հասարակության համար սպառնալիք չի եղել և ավելացրեց.
«Ձեզ համար է իրադրություն փոխվել»։
Հիշեցնենք՝ 2016թ.-ի Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը առաջին ատյանի դատարանի վճռով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Հենց այդ գործի շրջանականերում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև «Հիմնադիր խորհդրարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։
Նույն գործով 4,6 տարվա ազատազրկման են ենթարկվել Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարվա ազատազրկման. Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:
Նկատենք, որ պաշտպանական կողմը նույն պահանջով միջնորդություն է փորձում ենրկայացնել նաև Ներսես Պողոսյանի համար։