06/06/2018 13:48
Քրդական կազմավորումները հեռացան Սիրիայի Մանբիջ քաղաքից
«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) քրդական կազմավորումներն ավարտել են Սիրիայի Մանբիջ քաղաքից (գտնվում է Հալեպից 70 կիլոմետր հեռավորության վրա) իրենց մարտիկների դուրսբերումը, ասված է ԺԻՈՒ-ի հրամանատարության պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
«Al Mayadeen» հեռուստակայանը ԺԻՈՒ-ի մարտիկների դուրսբերումը կապում է Մանբիջի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ամերիկա-թուրքական համաձայնությունների հետ, որոնք ձեռք են բերվել օրերս:
«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատները կազմում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական զինված կոալիցիայի հիմնամասը, որին աջակցում Է Վաշինգտոնը:
Չնայած դրան, Անկարայում ԺԻՈՒ-ն դասում են ահաբեկչական խմբավորումների շարքին և նրանց ներկայությունը սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում համարում են սպառնալիք Թուրքիայի անվտանգությանը:
Մարտ ամսին թուրքական զորքերը գրավեցին Աֆրին վարչական կենտրոնը (Հալեպից 65 կիլոմետր), որն ավելի վաղ վերահսկվում էր քուրդ մարտիկների կողմից: