07/06/2018 17:08
Ձեր ֆանատներին ասեք` ձեր թշնամին չենք, քաղաքական մրցակիցն ենք, հենվեք մեզ վրա, այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու. Աշոտյանը՝ Փաշինյանին
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հիշեցրեց Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոյի խոսքերն ուղղված Լեհաստանի վարչապետ, դաշնակահար Իգնացի Պադերևսկուն. «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»։
Այժմ արդեն ընդդիմադիր պատգամավորն անդրադառնալով կառավարության ծրագրի բովանդակությանը, խոստացավ դրա մասին խոսել առանց հեգնանքի, ասաց, որ չկան ժամկետներ, չկան թվեր և բացատրեց՝ ինչու չկան.
«Ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ինչու՞ մեզ օգնել, որ հետո մենք չափենք՝ լա՞վ եք աշխատել, թե՞ ոչ, ինչու՞ ձեզ սահմանափակեք որևէ պարտավորություններով»։
Կառավարության ծրագրում Աշոտյանը նկատել է, որ արցախյան հիմնախնդրի լուծման որևէ բանալի չկա:
Նա հորդորեց դահլիճում նստած կառավարության ղեկավարին իրենց տալ հիմնախնդրի լուծման գործող իշխանության բանաձևը, որ խորհրդարանական դիվանագիտությունը պաշտպանի այն։
Կրթությանը վերաբերող բլոկում, կրթության նախկին նախարարը չի նկատել ներառական կրթության մասին որևէ կետ։ Անդրադարձ եղավ նաև տնտեսական բլոկին.
«Աշխատեիք մի քիչ տեքստի վրա։ Հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է։ Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում եմ իշխանափոխության արդյունքները, չեմ հեգնում, բայց կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ մոմե արձան բացեք հեղափոխությանը նվիրված։ Չեմ հասկանում՝ Գառնին, Գեղարդը, Սևանը, Դիլիջանը ձեզ ի՞նչ են արել, որ տուրիզմի հիմնական մասը դրել եք բացառապես հեղափոխության վրա», - դիմելով Փաշինյանին հյատարարեց Աշոտյանը։
Նա փորձեց սրբագրել իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները.
«Դուք ժամանակավոր կառավարություն չեք, դուք կառավարություն եք, ինչքան կաշխատեք` Աստված ու ժողովուրդը գիտի։ Ձեր վերաբերմունքը աշխատանքին պետք է լինի ըստ այդմ՝ հավուր պատշաճի։ Ձեր առաքելությունը արտահերթ ընտրությունները չեն, արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն է, ձեր քաղաքական նպատակն է, բայց ոչ՝ առաքելությունը։ Դուք արտավոր եք հորիզոնը տեսնել, որպեսզի այսօր վարչապետի ասած այդ կախարդական փայտիկը էստաֆետով փոխանցեք հաջորդներին»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, կառավարությունը, որքան էլ կազմավորվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, «one men» շոու չէ և հորդորեց բոլորին, ոլորտների պատասխանատուներին իրենց վրա վերցնել պատասխանատվություն և չփակել քննադատությունները Նիկոլ Փաշինյանի անձով։
«Հասկանում ենք՝ իրեն սիրում են և հեշտ է պախկվել նրա թիկունքում, բայց վերցրեք ձեր վրա այդ բեռը, այդ պատասխանատվությունը»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Իր ելույթում Աշոտյանը չմոռացավ նաև այսօր խորհրդարանական ընդդիմությանը՝ Հանրապետականին ու հորդորեց գնահատել իրենց, քանզի այն միակ «ինստիտուցիոնալ ընդդիմությունն է»։
«Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ՝ ինստիտուցիոնալ, գիտակ, գուցե նաև մեղավոր ձեր ասած խնդիրների մեջ։ Ձեր մտերիմներին, ձեր ֆանատներին ասեք, հասկացրեք, որ ձեր թշնամին չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակիցն ենք, հենվեք մեզ վրա, այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Պատգամավորն իր ելույթը սահմանափակեց Փաշինյանի նոր պատկերի նկարագրությամբ.
«Ընդունված է վարչապետին համարել Գանդի, Մահաթմա Գանդի, բայց այսօր, պարոն վարչապետ, մի քիչ շեղվել էիք ձեր կերպարից՝ Գանդիի փաթեթավորումը կար, բայց Ռոբեսպիերի ու Տրոցկու ելևէջներ էին ու Կաշպիրովսկու մոգականություն։ Փորձեք կողմնորոշվել իմիջային տեսակետից, որովհետև դրանք իրար հակասում են այնուհանդերձ»։