07/06/2018 17:47
Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների պատճառով չի ստորագրի G7-ի գագաթնաժողովի հայտարարությունը
Ֆրանսիան չի ստորագրի G7-ի՝ հունիսի 8-9-ին Քվեբեկում կայանալիք գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ յոթնյակի երկրների համատեղ հայտարարությունը, քանի դեռ չեն հաղթահարվել ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները, Bloomberg գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը, որը ցանկացել է գաղտնի մնալ:
Նրա խոսքով՝ որպեսզի Ֆրանսիայի նախագահը պատրաստ լինի ստորագրել համատեղ հայտարարությունը, առաջընթաց է անհրաժեշտ այնպիսի հանգուցային հարցերի շուրջ, ինչպիսիք են իրանական միջուկային գործարքը, Եվրամիությունից, Կանադայից և Մեքսիկայից պողպատե և ալյումինե արտադրանքի ներմուծման՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը, ինչպես նաև կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը:
Մակրոնի կարծիքով G7-ի մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան ու Կանադան, պետք է համատեղ հանդես գան մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: