12/06/2018 20:36
Մոգերինին ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթաժողովը Կորեական թերակղզու միջուկազերծման հանգուցային քայլ է համարել
ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի սինգապուրյան գագաթաժողովն ամրապնդեց միջկորեական երկխոսության ձեռքբերումները և հանգուցային ու անհրաժեշտ քայլ դարձավ Կորեական թերակղզու միջուկազերծում տանող ճանապարհին: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի՝ երեքշաբթի Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
«Այդ գագաթաժողովը հանգուցային ու անհրաժեշտ քայլ դարձավ միջկորեական հարաբերություններում դրական ձեռքբերումների զարգացման համար: Դրանց ռազմավարական նպատակը, որին համամիտ է միջազգային ողջ հանրակցությունը, Կորեական թերակղզու լիակատար, ստուգելի և անշրջելի միջուկազերծումն է», - նշվում է հայտարարության մեջ:
Մոգերինին ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ «ակտիվորեն պաշտպանել չտարածման ռեժիմը և աջակցություն ցուցաբերել բանակցությունների հաջորդ փուլերի դյուրացմանը՝ միջուկային զենքից ազատ Կորեական թերակղզում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության ու բարգավաճման հասնելու համար»: