13/06/2018 22:32
Սեյրան Օհանյանին հարցաքննության հրավիրելու մասին ծանուցագիրն ուղարկվել է հունիսի 12-ին. Ի՞նչն է հերքում նախկին նախարարը
Գնումների և բանակաշինության ոլորտում 2014-2017 թվականներին արձանագրված չարաշահումների մասին Պետական եկամուտների կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ ինքը չի կանչվել հարցաքննության։
«Ես չեմ հրավիրվել, չեմ կանչվել հարցաքննության և նման բան չկա», - ասել է Ս.Օհանյանը։
Մինչդեռ ՊԵԿ լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ Սեյրան Օհանյանը հարցաքննության կանչվել է և նրան հարցաքննությանը մասնակցելու ծանուցագիր ուղարկվել է հունիսի 12-ին։
Ավելի վաղ Aysor.am-ը՝ վկայակոչելով ՊԵԿ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Քրգործի նախաքննության շրջանակներում ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։
ՊԵԿ-ից հայտնել էին նաև, որ միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Այս գործի շրջանակներում Սեյրան Օհանյանի հետ միասին հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։