14/06/2018 15:50
Թուրքիայի Գլխավոր շտաբ. Անկարան և Վաշինգտոնը համաձայնեցրին Սիրիայի Մանբիջում գործողությունների պլանը
Թուրքիայի և ԱՄՆ-ի զինվորականները Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը, ասված է Թուրքիայի Գլխավոր շտաբի տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
«Շտուտգարտում ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում 2018 թվականի հունիսի 12-13-ը կայացել են բանակցություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև՝ Մանբիջի վերաբերյալ ավելի վաղ հաստատված ճանապարհային քարտեզի, նաև Մանբիջում անվտանգության ապահովման սկզբունքների քննարկման համար: Բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է Մանբիջի վերաբերյալ գործողությունների պլանը, նաև որոշում է ընդունվել հաստատված պլանը ներկայացնել երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում՝ զինվորական գերատեսչության պաշտոնական էջում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին: