15/06/2018 12:38
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչին այսուհետ կնշանակի և պաշտոնից կազատի վարչապետը՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:
Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում։
Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Aysor.am-ի հետ զրույցում նա վստահեցրել է, որ հրաժարականի դիմումը ներկայացրել է դեռ չորս օր առաջ։
Որոշման մեջ նշվում է նաև, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:
Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։