15/06/2018 17:33
Առողջապահության նախարարությունը հորդորում է ծնողներին՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս
Առողջապահության նախարարությունը արձագանքել է Aysor.am-ի հրապարակմանը Երևանի Կենդանաբանական այգում կենդանիների շրջանում տուբերկուլյոզի տարածման ու դրա հետևանքով կենդանիների անկման դեպքին և տարածել հայտարարություն.
«Հարցի առնչությամբ Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու կենդանիների անկումը պայմանավորված է եղել տուբերկուլոզ հիվանդությամբ։ Փաստը հաստատվել է նաև գյուղատնտեսության նախարարությունում:
Համաձայն գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության՝ կենդանաբանական այգու աշխատակիցները ենթարկվել են տուբերկուլոզի նկատմամբ համապատասխան հետազոտությունների, որոնց արդյունքները բացասական են։
Հիշեցնենք, որ կաթնասունների 54 տեսակ և թռչունների 80 տեսակ կարող է ենթարկվել տուբերկուլոզով վարակման վտանգի: Առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, հազվադեպ ախտահարվում են ուղտերը, ձիերը, ոչխարները, այծերը, խոզերը: Վայրի կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդանում են ընձուղտները, փղերը, գոմեշները և այլն: Տնային կատուներն ու շները նույնպես կարող են հիվանդանալ տուբերկուլոզով:
Վարակը կարող է փոխանցվել հիվանդ կենդանուց մարդուն հիմնականում հում կաթ և կաթնամթերք օգտագործելու հետևանքով: Վարակի նկատմամբ առավել խոցելի են երեխաները, հետևաբար անհրաժեշտ է բացառել հում կաթի և կաթնամթերքի օգտագործումը: Կաթում տուբերկուլոզի հարուցիչները եռացնելիս ոչնչանում են ընդամենը 10 րոպեի ընթացքում:
Անդրադառնալով ծնողների մտահոգություններին առ այն, թե արդյոք կարող է կենդանաբանական այգի այցելությունը տուբերկուլոզով վարակվելու պատճառ դառնալ՝ ԱՆ-ն պարզաբանում է՝ չի կարելի բացառել նաև վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:
Ուստի ԱՆ-ն հորդորում է ծնողներին ՝ զգույշ լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն»: