17/06/2018 01:48
Երկրապահ կամավորականների միությունը կոչ է անում իշխանություններին թշնամուն ուրախանալու առիթ չտալ
Երկրապահ կամավորականների միությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի «ապօրինի, անհիմն ձերբակալությունը, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ»:
ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Երկրապահ կամավորականների միությունը կոչ է անում գործող իշխանություններին «թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով»:
«Մենք ունենք մի ընդհանուր թշնամի՝ թուրքը, որի դեմ 1989-ից առ այսօր պայքարում է Երկրապահը: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգեւորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը:
Եվս մեկ անգամ սթափության կոչ ենք անում հայրենի իրավապահներին: Եկեք գնահատենք մեր արժենքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Պատերազմը դեռ ավարտված չէ», - ասված է հայտարարության մեջ։