17/06/2018 19:01
Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը. Աշոտյան
Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլ կապված է նաև այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ։
«Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաև վստահ լինել, գուցե ապացուցել, բայց...ՕՐԵՆՔՈՎ», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Աշոտյանը։
Նրա խոսքով, երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես , ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։
«Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով։ Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ», - նշել է նա։
«Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը և սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում։ DURA LEX SED LEX (Օրենքը խիստ է, բայց օրենք է) սկզբունքը այլընտրանք չունի», - ընդգծել է Ա.Աշոտյանը։