18/06/2018 13:57
Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն. Արփինե Հովհաննիսյան
Ամբողջությամբ կիսում եմ այն ապրումները, որոնք յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ անցկացրած ստուգումներին։
«Անթույլատրելի ու զազրելի է այն ամենն, ինչ ներկայացվեց», - ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Հովհաննիսյանը նշեց, որ թեև քվեարկությունը փակ է լինելու, բայց ինքը կարող է հայտնել իր կարծիքը.
«Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն։ Կարծում եմ՝ ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու»։
Նա նաև հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում կամ այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Եթե նախաքննության ընթացքում պարզվի, որ որևէ մեկն այս ամենին մասնակից է եղել և այս ամենը իրականությանը համապատասխանում է, բոլորը պետք պատասխան տան», - ասաց նա՝ հավելելով, որ բոլոր մեղավորները օրենքի ամբողջ ուժով պետք է ենթարկվեն պատասխանատվության։