18/06/2018 12:12
Նման անձինք օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն. Էնֆիաջյան
Երեկ հրապարկված տեսանյութից հետո ակնհայտ դարձավ բոլորիս համար, թե ինչպիսի ստոր գործողություններ է իրականացվել զինվորի և բանակի նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ անցկացրած ստուգումներին։
«Այս ամենը մերկացվել է, բոլորի առջև հրապարակային է դարձվել, թե իրականում ինչպիսի գործողություններ է իրականացվել: Նման անձինք օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս կքվեարկեն Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցին, եթե այն դրվի, Էնֆիաջյանը նշեց.
«Մենք մեր խմբակցությունում որոշում դեռևս չենք կայացրել, բայց նման գործելաոճի պարագայում էլ ուրիշ ի՞նչ վերաբերմունք պետք է լինի»։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ում բոլորը պետք գիտակցեն, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ ժողովուրդն ու ներկայիս իշխանությունը վճռական են, որպեսզի օրենքի գերակայություն լինի։