20/06/2018 17:06
ԸՕ-ում փոփոխություններից հետո պետք է ողջամիտ ժամանակ տրամադրել, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել ընտրություններին. Ռուստամյան
Չափազանց կարևոր է, որ ընտրական այս գործընթացներն անցկացվեն պատշաճ ձևով, և մենք ունենանք բոլորի կողմից համաձայնեցված ու ընդունելի նախագիծ, որն ընտրական համակարգի բարեփոխման առանցքը կդառնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացին։
Նշենք, որ այսօր վարչապետի որոշմամբ ստեղծվել է ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որը ղեկավարելու է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Միաժամանակ, խորհրդարանական խմբակցությունները հանդես են եկել ընտրական օրենսդրության փոփոխության վերաբերյալ միասնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով աշխատանքային խմբի ձևավորման մասին։
Արմեն Ռուստամյանն ասաց, որ պետք է քննարկել ողջամիտ բոլոր առաջարկները, որոնք կարող են լուծել հիմնական խնդիրները։
«Մենք պետք է հասնենք այն համոզմանը, որ կունենանք աննախադեպ վստահության բարձր մակարդակ ունեցող ընտրություններ՝ իհարկե, վերացնելով այն թերությունները, որոնք արձանագրվել են նախորդ ընտրությունների ժամանակ: Քանի որ սա նաև սահմանադրական օրենք է և առանցքային նշանակություն ունի, մեր հետագա բարեփոխումները ճիշտ ուղղորդելու առումով, ես կարծում եմ, որ պետք է համաձայնեցվի բոլոր քաղաքական ուժերի կողմից», - նկատեց խորհրդարանականը՝ հիշեցնելով, որ նախկինում ընտրական օրենսդրության շուրջ քաղաքական ուժերի միջև կայացած համաձայնությունը։
Դաշնակցական պատգամավորի դիտարկմամբ, համաձայնություն կայանալու դեպքում ընտրական գործընթացին լեգիտիմություն կհաղորդվի։
Նա նաև ասաց, որ Հայաստանում սահմանադրական օրենքներն անցնում են փորձագիտական քննություն գործընկեր միջազգային կառույցների, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի կողմից։
«Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները միշտ ունեցել են դրական ազդեցություն, հիմք են ծառայել, որպեսզի նման փոփոխությունները բարձր գնահատականի արժանանան մասնավորապես Եվրոպայի խորհրդում: ԵԽ-ի հետ մենք ունենք կոնկրետ պարտավորություններ և դրանց հարգումը կարևորագույն պայմաններից մեկն եմ համարում: Երկար տարիներ ես աշխատում եմ այդ կառույցում, մենք բարձր վարկանիշ ունենք այնտեղ, շահեկանորեն տարբերվում ենք հարևան երկրներից: Երբեք չենք կատարել լուրջ օրենքներում փոփոխություններ, որոնք նախապես չեն անցել փորձագիտական մեծ հեղինակություն ունեցող կառույցի միջոցով և չեն ստացել նրանց համապատասխան առաջարկներն ու եզրակացությունները», - ասաց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացման ժամկետներին, Ռուստամյանն ասաց, որ պետք է ողջամիտ ժամանակ տրամադրել այդ փոփոխություններից հետո, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել։
«Դա նույնպես պետք է կատարվի՝ Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներն ու առաջարկները նկատի ունենալով», - նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով փոփոխությունների բովանդակությանը՝ Ռուստամյանն ասաց, որ դրանցից կարևոր է ոստիկանության ենթակայության հարցը։
«Քանի որ մենք նախատեսում ենք ոստիկանության կազմում ստեղծել հատուկ ստորաբաժանում, որը պետք է վերահսկի ընտրական իրավունքի անխափան իրականացումը, ճիշտ կլինի նաև այդ հանգամանքը նկատի ունենալով՝ ոստիկանությունը, որն այսօր վարչապետի անմիջական վերահսկողության ներքո է, փոխանցվի կառավարությանը: Ի վերջո, վարչապետը, ով էլ լինի, քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ է և ընտրությունների ժամանակ, որպեսզի հավասարություն ապահովվի, ճիշտ կլինի, որ կոլեգիալ մարմնի ենթակայությանը փոխանցվի: Նախնական այդ մոտեցումները նաև համաձայնեցված են եղել թավշյա հեղափոխությունն իրականացրած առաջնորդի, ղեկավարների հետ», - նշեց պատգամավորը:
Նկատենք, որ Դաշնակցություն խմբակցությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակիցն է, և բազմիցս հանդես է եկել ռեյտինգային ընտրակարգի դեմ։