20/06/2018 14:44
Իսրայելը ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի կազմից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը
Իսրայելը ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի կազմից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է «Интерфакс»-ը:
«Իսրայելն իր երախտագիտությունն է հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Մայք Պոմպեոյին և մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին ՄԱԿ-ի, այսպես կոչված, մարդու իրավունքների հարցերով խորհրդում երեսպաշտության և ստերի հետ կապված կայացված խիզախ որոշման համար», - ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցավում է խորհրդից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ:
«Մարդու իրավունքների հարցերով խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումն ափսոսանք է առաջացնում: Մենք չենք թաքցնում, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է Մարդու իրավունքների հարցերով խորհրդում բարեփոխումներ իրականացնել, բայց մենք լի ենք վճռականությամբ խորհուրդը ներսից ուժեղացնելու ուղղությամբ աշխատելու հարցում», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչն ընդգծել է իր հայտարարությունում, որ ԵՄ-ն «կշարունակի ամբողջ աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները՝ չնայած ամենին»: