25/06/2018 10:48
Մակրոն. ԵՄ միգրացիոն ճգնաժամը քաղաքական փուլ է տեղափոխվել
Եվրամիության միգրացիոն ճգնաժամը տեղափոխվել է քաղաքական փուլ` չնայած նրան, որ միգրանտների թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան` 2015 թվականին: ԵՄ 28 երկրներից 16-ի՝ միգրացիայի հարցով արտակարգ գագաթնաժողովից հետո այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ТАСС-ը:
«Միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան 2015 թվականին էր, սակայն ճգնաժամը տեղափոխվել է քաղաքական փուլ: Մեր առջև մարտահրավերը քաղաքական ճնշումն է, որը միգրացիայի խնդրի շուրջ զգում են ԵՄ-ի առանձին երկրները, մասնավորապես՝ Գերմանիան և Իտալիան: Երկրորդ խնդիրը Եվրամիության ներսում միգրանտների ներքին տեղաշարժն է», - նշել է Մակրոնը:
Նա նաև խոստովանել է, որ Եվրամիության պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ գործողությունների որևէ ընդհանուր պլան չի քննարկվել: «Ընդհանուր պլան չի եղել: Յուրաքանչյուրը արտահայտել է իր տեսակետը, և բոլորը հաստատել են իրենց ձգտումն աշխատել ճգնաժամի եվրոպական լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է Մակրոնը: