11/07/2018 12:30
Այնպես չէ, որ համաձայն ենք այս դիրքորոշման հետ. Իվետա Տոնոյանը՝ Էդուարդ Բաբայանի կալանավորման մասին
«Ծառուկյան» դաշինքը համաձայն չէ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետին կալանավորելու որոշման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Անդրադառնալով ոստիկանապետի այն հայտարարությանը, որ ընկնելու հետևանքով նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, Տոնոյանն արձագանքեց.
«Թե ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն արել հենց այն օրը, երբ դատարանում քննվում էր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ հարցը, դա թողնում եմ հանրության դատին, գնահատականին: Ինչ վերաբերում է Բաբայանին կալանավորելու որոշմանը, այժմ հարցը գտնվում է վերաքննիչ դատարանում և այս հարցը դեռևս վիճարկման փուլում է, այնպես չէ, որ համաձայն ենք այս դիրքորոշման հետ», - ասաց նա:
Հիշեցնենք՝ Սլավիկ Հարությունովը հայտարարել էր, որ իրեն ծեծել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա անվտանգության ծառայության պետը, այնուհետև հետ էր կանգնել խոսքից:
Ի. Տոնոյանն ընդգծեց, որ Սլավիկ Հարությունովի հետ տեղի ունեցածի մասով ինքը չունի հավելյալ տեղեկատվություն և իրեն հայտնի է այն, ինչ գրված է լրատվամիջոցներում։
«Ես այս պահին այդ տեղեկատվությանն եմ տիրապետում, իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա», - ասաց նա:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ Հարությունովը հետ է կանգնել իր նախնական խոսքից ճնշումների հետևանքով, Տոնոյանն ասաց.
«Դուք բազմաթիվ հնարավորություններ կունենաք խոսելու և Հարությունովի, և իր տիկնոջ հետ։ Կարծում եմ` այս հարցը իրականության հետ առնչություն չունի»: