11/07/2018 13:13
Պետք է ինչ-որ կերպ փոխհատուցել նաև բարեխիղճ վարորդների՝ ժամանակին կատարված վճարումները. Միհրան Պողոսյան
Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ նախկին պետի պաշտոնում աշխատելու տարիներին արձանագրել է, որ ամեն անգամ տուգանքների նման համաներումից հետո բարեխիղճ վարորդների քանակը պակասել է։
«Մարդիկ միշտ սպասում են, որ նմանատիպ գործառույթ էլի պետք է իրականացվի։ Սա կոնկրետ պետության համար լրջագույն խնդիր է լինելու», - այսօր խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց Պողոսյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր մի շարք վարչական իրավախախտումների համար տուգանքների համաներման մասին նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը։ Փաստաթուղթը նախատեսում է վարորդներին ներել 2012-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումները, այսինքն՝ 13, 7 մլրդ դրամի գումար: Նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700 000 վարչական իրավախախտումների վրա: Վարչական պատասխանատվությունից կազատվի 150 հազար անձ։
Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքը դեմ չէ, որ նման նախագծեր ընդունվեն, բայց նաև հորդորեց ուշադրության կենտրոնում պահել նաև բարեխիղճ վարորդներին, որոնք վճարումները կատարել են ժամանակին։
«Պետք է ինչ-որ կերպ փոխհատուցել բարեխիղճ վարորդների՝ ժամանակին կատարված վճարումները։ Մարդ, որ բարեխիղճ է, չպետք է տուժի։ Այս օրենքով մենք արդեն երրորդ անգամ բարեխիղճ վարորդներին գցում ենք ծուղակը, որը հետագայում նրանց դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ», - հայտարարեց պատգամավորը։