11/07/2018 15:05
ԱՄՆ-ն որոշել է Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլարի ապրանքի համար նոր մաքսատուրքեր սահմանել
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են 200 մլրդ դոլարի նոր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար: Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ սա կլինի ամերիկյան ապանքների ներմուծման համար Չինաստանի կողմից 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու պատասխանը: Պարբերականի տեղեկությունով՝ Վաշինգթոնը Պեկինի հետ առևտրային քաղաքականության շուրջ բանակցությունները շարունակելու հույս ունի:
Չինաստանում ակնթարթորեն արձագանքել են մաքսատուրքերի հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններին. Կոմերցիայի նախարարությունը հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ առևտրային քաղաքականությամբ և մտադիր է անհրաժեշտ հակամիջոցներ ընդունել:
«ԱՄՆ գործողությունները վնասում են Չինաստանին, ամբողջ աշխարհին, սակայն նաև իրենց սեփական երկրին, այդքան ոչ կառուցողական պահվածքը չի կարող հեղինակություն և վստահություն ունենալ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: