12/07/2018 11:46
Համաներում անպայման պետք է հայտարարվի. Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում կառավարությանը քննարկել քրեական պատասխանատվությունից համաներման հարցը
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում կառավարությանը քրեական համաներում հայտարարել:
«Քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են: Համաներում անպայման պետք է հայտարարվի: Բազմաթիվ կալանավորներ կան, որոնց արարքն իր վտանգավորությունը հանրության համար կորցրել է: Գնացեք դատապարտյալների հիվանդանոց, կալանավորներ կան այնպիսի հիվանդություններ ունեն, որոնք անհամատեղելի են կալանավայրում պատիժը կրելու հետ», - Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը վերջին շրջանում խուսափում է համաներումից: Պատգամավորը նաև անդրադարձավ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովից եղած դժգոհություններին.
«10 անգամ հանձնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեցինք և որևէ անգամ դրա օգտակար գործողության գործակիցը չտեսանք: Ես կարծում եմ, որ ժամանակն է քննարկել համաներում հայտարարելու հարցը: Վերջերս Արմավիր ՔԿՀ-ում էի, դեպքեր կան, որ մարդը կուրանում է, 8 տարի պատիժը կրել է, մի քանի ամիս է մնացել և համաներում չկա: Դիմում եմ կառավարությանն այս հարցը քննարելու համար», - նշեց նա: