13/07/2018 13:32
Ճապոնիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 204-ի
Ճապոնիայում սաստիկ անձրևների և դրանց հարուցած հեղեղումների և սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 204-ի: Այս մասին հայտարարել է երկրի ոստիկանական գլխավոր վարչությունը, փոխանցում է ТАСС-ը:
Kyodo գործակալության տվյալով՝ նաև ավելի քան 60 մարդ համարվում է կորած կամ կապի մեջ չի մտնում: Տեղական արտակարգ ծառայությունները ոստիկանության և երկրի Ինքնապաշտպանության ուժերի օգնությամբ շարունակում են որոնողական և փրկարարական աշխատանքները: Ճապոնիայում սաստիկ տեղատարափ անձրևներն անցյալ շաբաթվա կեսերին մոլեգնել են «Պրապիրուն» թայֆունի ներգործության պատճառով:
Երկրի որոշ շրջաններում մի քանի օրում տեղացել է հազար միլիմետրից ավելի անձրև, ինչը հանգեցրել է գետերի վարարման և սողանքների: Ճապոնիայում դա հեղեղումներից զոհվածների ամենմեծ թիվն է 1953 թվականից ի վեր: Այն ժամանակ երկրի արևմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրկվեց օթևանից: