13/07/2018 16:13
Հայաստանը չի կարող փոխել իր արտաքին քաղաքական մոտեցումը Ռուսաստանի հետ. Փաշինյանի՝ Բրյուսել այցի հետքերով
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ Հայաստանը կփոխի իր արտաքին քաղաքականության ուղղությունը։
«Որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում երբեք ՆԱՏՕ-ի անդամակցություն չի եղել, հիմա էլ ոչինչ չի փոխվել ու չի էլ կարող փոխվել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Եվրամիության քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել, և որ «Ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ»։
Նա նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ անդամ է ու ակտիվ աշխատում է այդ կազմակերպություններում։
«Ավելին, ղեկավարում է թե ՀԱՊԿ-ը, թե ԵԱՏՄ-ն, և ես այստեղ չեմ պատկերացնում, որ Հայաստանը կարող է իր արտաքին քաղաքական ռազմավարական մոտեցումը Ռուսաստանի Դաշնության հետ ինչ-որ ձևով փոխել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական համագործակցության տեսանկյունից», - նշեց Ս.Սարգսյանը։
Նա ընդգծեց՝ իհարկե, դեմոկրատական համակարգը կարևոր արժեհամակարգ է։
«Դա գաղափարախոսություն է, մոտեցումներ են, սկզբունքներ են, բայց արտաքին քաղաքական կողմնորոշման առումով ոչինչ ավել չեն տալիս», - նշեց նա։
Ս.Սարգսյանը ևս կարծում, որ Եվրամիության կողմից Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխություն չկա։
«Սկզբունքներն ամբողջությամբ նույննն են, իսկ եթե սկզբունքները նույնն են, մոտեցումները նույնն են, ի՞նչ պետք է փոխվի: Մաքսիմումը Հայաստանին լրացուցիչ օժանդակություն ցուցաբերելն է, ֆինանսական, տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի Հայաստանն առավել արագ իրականացնի այն բարեփոխումները, որոնք որ սկսվել են թե՛ նախկին իշխանությունների, թե՛ նոր իշխանությունների կողմից», - ասաց նա։
Քաղաքագետն, ամփոփելով վարչապետի բրյուսելյան այցն, ասաց, որ այցը ճիշտ էր ու տրամաբանական:
«Այնտեղ հնչեցրած մի շարք կարևոր մտքեր կային, որոնք ես շատ ճիշտ եմ գնահատում, մասնավորապես, որ Ադրբեջանի ագրեսիան կարող է դիտարկվել ագրեսիա ժողովրդավարության դեմ: Բոլոր մեսիջները չափազանց կարևոր էին, և ես, ընդհանուր առմամբ, այցը դրական եմ գնահատում», - հավելեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։