13/07/2018 12:07
Կաշին կարող է չփոխվել, եթե կովի մասին ենք խոսում. ՊԵԿ նախագահը մեկնաբանում է հին կադրերի վերանշանակումը համակարգում
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե ՊԵԿ բարձր պաշտոններում «խայտառակ նշանակումները» շարունակվում են:
«Կարող են լինել մարդիկ, ովքեր աշխատում են մեր դեմ, մենք դա սվիններով չենք ընդունում: Համաժողովրդական զարթոնքից հետո հանրությունը, եթե նոր դեմքեր չի տեսնում, կարող է լինել նաև դժգոհ: Մենք ներքևից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով, բայց վերևի մասում իմ քաղաքակոնությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցող նախկին կադրերին», - ասաց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ հարցը ոչ թե կադրերն են, այլ այն, թե ՊԵԿ-ն ինչ խնդիրներ ունի իր առջև դրած, և ինչպես են դրանք իրականացվում:
Դավիթ Անանյանն ասաց, որ վարչապետն էլ վերապահումներ է ունեցել իր կատարած նշանակումների վերաբերյալ:
«Կտեսնենք, թե իմ նշանակած կադրերով ինչպես ենք իրականացնում մեր առջև դրած խնդիրը: Եթե կադրային նշանակումները չարդարացնեն իրենց, ուրեմն ես ՊԵԿ-ում անելիք չունեմ», - ասաց Դավիթ Անանյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ժողովրդական խոսք կա, որ կաշին չի փոխվում, Դավիթ Անանյանն արձագանքեց.
«Կաշին կարող է չփոխվել, եթե կովի մասին ենք խոսում»: