13/07/2018 13:49
Մեյն անհամբեր սպասում է Brexit-ի շուրջը Թրամփի հետ բանակցություններին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհամբեր սպասում է Brexit-ի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է Reuters գործակալությունը:
«Նա անհամբերությամբ է սպասում նրա հետ բանակցությունների սեղանի շուրջը նստելու և նրա հետ Սպիտակ գիրքը քննարկելու հնարավորությանը»,- հայտնել է Մեյի մամուլի քարտուղարը, երբ նրան հարցրել են The Sun թերթում հրապարակված՝ Թրամփի հարցազրույցի մասին:
Ավելի վաղ Թրամփը The Sun թերթի հարցազրույցում ասել է, որ «մեղմ Brexit»-ի տարբերակը կթաղի ԱՄՆ-ի հետ Մեծ Բրիտանիայի ազատ առևտրի շուրջն ապագա համաձայնագիրը: Այսպես կոչված Սպիտակ գիրքը բազմաթիվ հետաձգումներից հետո նախօրեին ներկայացված 98-էջանոց պլանն է Բրյուսելի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ: Փաստաթղթում ներառված հիմնական սկզբունքները Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունել է հատուկ նիստում, որը կայացել է հուլիսի 6-ին:
Սակայն երկու հանգուցային նախարարներ՝ ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնը և Brexit-ի հարցերի նախարար Դևիդ Դևիսը համարել են, որ այդ պլանը չափազանց մեծ զիջումներ է նախատեսում Բրյուսելի համար և հակասում է 2016 թվականի հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծամասնության արտահայատած կամքին: Ի նշան բողոքի Ջոնսոնը և Դևիսը պաշտոնաթողություն են խնդրել: