18/07/2018 10:15
Շիրակում ավտոմեքենան ընկել է գետը. 30-ամյա ուղևորը մահացել է
Հուլիսի 17-ին` ժամը 21:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ Ջրաձոր գյուղի մոտակայքում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70-80 մ գլորվել ձորը՝ հայտնվելով Ախուրյան գետի Իլլի վտակում:
Պատահարի հետևանքով ուղևորը՝ Հ. Պ.-ն (ծնված 1988 թ.), մահացել է, իսկ Հ. Ս.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին մոտ 40 մետրից բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: