19/07/2018 19:53
Չինուհին 7 տարի նիհարեցնող հաբեր է խմել՝ փոխարենն ավելի է գիրացել
Չինաստանի բնակչուհին տարիներ շարունակ պայքարել է նիհարելու համար ու այդ ընթացքում հասցրել ծախսել 200 հազար չինական յուան (շուրջ 30 հազար դոլար), մինչդեռ արդյունքում ավելի է գիրացել, գրում է Chengdu Business Daily պարբերականը:
Սյաոլին մականունով հայտնի չինուհին առաջին անգամ որոշել է նիհարեցնող հաբեր խմել, երբ դեռ 18 տարեկան էր։ Այդ ժամանակ նա հեռուստացույցով դիտել է նոր-նոր մեծ տարածում գտնող սննդային հավելումների գովազդը։ Այդ տարիներին Սյաոլին կշռում էր մոտ 45 կգ։
Սկզբնական շրջանում դեղահաբերն իրոք օգնել են աղջկան, սակայն հենց նա դադարեցնում էր դրանց ընդունումը՝ հին քաշը կրկին վերադառնում էր և նույնիսկ ավելանում։
Այդ ամենը դրդել է աղջկան գտնել այլ սննդային հավելումներ ու դիմել բազմատեսակ դիետաների։ Սակայն ամեն անգամ, երբ նա դադարեցնում էր այս կամ այն միջոցով նիհարելու գործընթացը, էլ ավելի էր գիրանում։
Արդյունքում՝ 7 տարի անց աղջիկը սկսել է կշռել 90 կգ, բացի այդ նրա մոտ նաև լյարդի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք հետևանք էին դեղահաբերի անկանոն ընդունման։
Հուլիսի սկզբին չինուհին որոշել է դիմել ստամոքսի ծավալի փոքրացման վիրահատության։ Բժիշկները հաստատել են, որ կտրուկ քաշի ավելացման պատճառը դեղահաբերն էին։ Մասնագետները բացատրել են, որ դեղերն իջեցրել են աղջկա ախորժակը, սակայն վատ են անդրադարձել նրա հոգեկան վիճակի ու սննդային նախասիրությունների վրա։