Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց
20/07/2018 18:56

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել փոխել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոց կալանքը և սահմանել գրավ՝ 1 մլրդ դրամ, Aysor.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից:
 
Ըստ աղբյուրի՝ քննիչը առարկել էդատարանի կայացրած որոշմանը։ Այժմ Վաչագան Ղազարյանը դեռ անազատության մեջ է և միայն գրավի վճարումից հետո նա կարող է ազատ արձակվել:
 
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:
 
Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է:
 
Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին: