02/08/2018 12:51
Խաչատուրովը կարող է մեկնել Հայաստանից, ընտրված խափանման միջոցը արգելք չէ. ՀՔԾ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է անարգելք գնալ Հայաստանից, և նրա խափանման միջոց գրավը դրա համար արգելք չէ, Aysor.am-ին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։
«Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատվածով կարողանա բացակայել Հայաստանից», - ի պատասխան Aysor.am-ի հարցմանը՝ ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Դիտարկմանը, թե փաստաբանը մտահոգություն էր հայտնել, որ ՀՔԾ-ն չի պատասխանում իր ներկայացրած միջնորդությանը՝ թույլ տալ գնալ Մոսկվա և անցնել աշխատանքին, Մարինա Օհանջանյանը արձագանքեց. «Վարույթն իրականացնող մարմինը այդ մասին հայտնել է Յուրի Խաչատուրովի պաշտպանին»։
Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավ։
Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը Aysor.am-ին ասել էր, որ դիմել է ՀՔԾ, որ իր պաշտպանյալին թույլ տան մեկնել Մոսկվա աշխատանքի, քանի որ լրացել է նրա գործուղման ժամկետը, սակայն ՀՔԾ-ից չէին արձագանքել փաստաբանի միջնորդությանը։