10/08/2018 16:36
«Կարծում եմ՝ պետք է բավարարվի». Քոչարյանի բողոքի գործով դատավորը խորհրդակցական սենյակ է գնացել
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է, և դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, քիչ առաջ դատարանի շենքից դուրս գալուց հետո հայտարարեց Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին։ «Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ պետք է բավարարվի», -հայտարարեց Օրբելյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօրվա նիստում ևս Ռոբերտ Քոչարյանը խոսել է, հայտնել է իր վերջնական դիրքորոշումը, պնդել, որ չի ընդունում մեղադրանքը։
Անդրադառնալով դատական նիստում կատարվածին, Արամ Օրբելյանն ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դատական նիստը դռնփակ էր և պարտավորված է պահպանել գաղտնիության սկզբունքը։ Այդուհանդերձ, նա ասաց, որ երբ իրավունք ունենա բացահայտել նիստում կատարվածի, կանի դա։
Հարցին, թե ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ դրական որոշում կկայացվի, Օրբելյանը պատասխանեց. «Ըստ էության, մենք պետք է այս գործընթացը դիտարկենք շատ կոնկրետ կանոններով իրավաբանական գործընթացի շրջանակներում։ Մեր կարծիքով, մեր գնահատմամբ, քննիչի ներկայացրած փաստաթղթերից որևէ մեկը չի ապացուցում, որ չկա պատշաճ վարքագծի խնդիր, այսինքն՝ ընդամենը ենթադրել, որ նա եղել է նախագահ, հետևաբար ունի ազդեցություն, բավարար չէ, որպեսզի ենթադրվի անձի ոչ պատշաճ վարքագիծը»։
Նշենք, որ Ռոբերչտ Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել՝ խնդրելով վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը նրան կալանավորելու մասին։ Բացի այդ փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ իր հերթին դիմել էր Վերաքննիչ դատարանին Քոչարյանի խափանման միջոցը փոխել ու կիրառել գրավ։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մարտի 1-ի գործով 2008 թվականին ՀՀ-ում մի քանի անձանց հետ համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։