14/08/2018 14:08
Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյան
Հայաստանում հաստատված է ժողովրդական իշխանություն և չկա որևէ ուժ, որը ի վիճակի է կանգնել ժողովրդի իշխանության առաջ, այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ով կփորձի կանգնել ժողովրդական հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում։ Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում օրինականության հաստատումը այլընտրանք չունի։ Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանտվության։ Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհը այլընտրանք չունի, և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակով ու ձևերով», - հայտարարեց Փաշինյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ողջ պրոցեսի ընթացքում իր ղեկավարած կառավարությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում հանրության, պետականության, օրինականության առաջ։
«Մենք այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում։ Մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ... ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին: Օգոստոսի 17-ին ժ.18.30-ին բոլորիդ հրավիրում են Հրապարակ՝ քաղաքացու իշխանության 100 օրն ամփոփելու և խոսելու հետագա հաղթարշավի մասին: Բոլոր գյուղերից, թաղամասերից բակերից եկեք Հրապարակ: Հայ ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել խլել այդ հաղթանակը ժողովրդի ձեռքից: Օգոստոսի 17-ին ժողովուրդը դա ցույց կտա, որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունը փոխարինենք մեր ապօրինություններով», - հավելեց վարչապետը։
Նկատենք՝ Փաշինյանն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքացիների բողոքի ակցիայի հետևանքով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախապես ծրագրված, հայտարարված մամուլի ասուլիսը տապալվեց։