14/08/2018 16:54
Այնպես չէ, որ մենք էլ ցնծության մեջ ենք Վերաքննիչ դատարանի որոշումից. Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն վերաքննիչի որոշումը
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը պատրաստվում է Վճռաբեկ դատարան բողոքարկել կալանքի փոփոխության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքում նշված առնվազն երկու «կարևոր դրույթներին» չի անդրադարձել և որոշումը կայացրել է՝ հիմնվելով միայն անձեռնմխելիության իրավունքի խախտման վրա։
«Վերաքննիչ դատարանը մեր մի շարք փաստարկներից միայն մեկ փաստարկն է հիմք ընդունել՝ անձեռնմխելիությունը։ Բայց մենք ունեինք առնվազն երկու փաստարկ, որը ոչ մի բանով ավելի թույլ չէր, քան՝ անձեռնմխելիության հետ կապված փաստարկը։ Մենք գտնում ենք, որ այն երկու փաստարկները անպայման պետք է գնահատականներ ստանան դատարանի կողմից, անպայման պետք է հիմք հանդիսանային ազատ արձակելու համար։ Մենք հիմա պետք է բողոքարկենք Վճռաբեկ դատարան և պահանջենք, որ մինիմում երկու փաստարկներին անդրադարձ կատարվի», - մեզ հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը՝ չմանրամասնելով ներկայացվելիք բողոքի էությունը։
Փաստաբանն ասաց, որ մոտակա օրերին կստանան Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, կքննարկեն և հետո միայն կդիմեն Վճռաբեկ դատարան։
«Մենք ուզում ենք տեսնել, թե ինչու մեր բողոքում նշված կարևոր դրույթներին անդրադարձ չի կատարվել ու անպայման դիմել Վճռաբեկ դատարան։ Այնպես չէ, որ մենք էլ ցնծության մեջ ենք Վերաքննիչ դատարանի որոշումից, մենք էլ մեր կողմից դժգոհություն ունենք», - ասաց փաստաբանը։
Անդրադառնալով մարտի 1-ի գործով 9 տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի նկատմամբ անձեռնմխելիությունը չի տարածվում, Ալումյանը նախ ասաց, թե Վահե Գրիգորյանի կարծիքը շատ բարձր է գնահատում ու հավելեց. «Նա փայլուն իրավաբան է և նաև նա երբեք իրեն չի կեղծում, այսինքն՝ եթե ինքն այդպես է ասում, ուրեմն այդպես էլ մտածում է։ Նրա դատողությունները իրավիճակային չեն։ Ես հարգում եմ նրա կարծիքը, բայց դա չեմ կիսում։ Անձեռնմխելիությունը անձին պաշտպանում է քրեական օրենսգրքի ներգործությունից, ոչ թե Սահմանադրության։ Քրեական օրենսգրքի մեջ «Սահմանադրական կարգի տապալում» հոդվածը ամենածանր հանցագործությունը չի համարվում, շատ ավելի ծանր հանցագործություններ կան Քրեական օրենսգրքի մեջ։ Եթե մեզ ասում են՝ ամենածանր հացագործությունների վրա կարող է տարածվել, բայց սահմանադրական կարգի տապալման վրա չի կարող տարածվել, ստացվում է անհամապատասխանություն այդ դատողության մեջ»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումն ընտրելու վերաբերյալ պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել: Դատարանը վերացրել էր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը՝ հաշվի առնելով, որ Քոչարյանն անձեռնմխելի է:
Հատուկ Քննչական ծառայությունն իր հերթին հայտարարել էր, թե որոշման վերացումն ապօրինի է, իսկ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Միաժամանակ նախաքննական մարմինը հույս էր հայտնել, որ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող կառույցը՝ դատախազությունը, վճռաբեկ բողոք կներկայացնի:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել էր հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: