17/08/2018 16:53
ՀՔԾ պետն այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորն ինչ է պարտավոր անել. Ալեքսանդր Ազարյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Հատուկ քննչական ծառայության պետի կողմից նախօրեին հնչեցված հայտարարություններն այլ կերպ, քան հաճոյանալ չի, կարող բացատրել:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կողմից երեկ հնչեցված հայտարարությունների, այդ թվում՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բողոքի քննությանը դատավորի ինքնաբացարկ հայտնելու, մարտի 1-ի գործերով նախկինում դատավոր Ազարյանի կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ հնչեցված գնահատականների, ինչպես նաև այլ հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:
-Պարո՛ն Ազարյան, նախօրեին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ձեր կողմից նախկինում քննված մարտի 1-ի գործերին, հայտարարեց, թե այդ հանգամանքով պայմանավորված, իր խորին համոզմամբ, Դուք պետք է ինքնաբացարկ հայտնեիք, և որ Ռ.Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով: Արդյոք ՀՔԾ-ը պետն իրավասու՞ է գնահատական հնչեցնել դատավորի գործողությունների վերաբերյալ:
-Իմ կողմից մարտի 1-ի գործերը նախկինում քննելու և այդ հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու պարտավորված լինելու վերաբերյալ ՀՔԾ պետը գնահատականներ չի կարող տալ, նա այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորը ի՞նչ է պարտավոր անել: Իմ՝ որպես դատավորի, գործողությունների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն Վճռաբեկ դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը:
- Իսկ այն, որ ՀՔԾ պետն անդրադարձավ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին և հայտարարեց, թե մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ եք կայացրել, ուստիև՝ կանխակալ կարծիք է ձեզ մոտ ձևավորված, այս մասին ի՞նչ կասեք:
- Պարոն Խաչատրյանը կասկածի տակ դրեց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, ինչը հարիր չէ իրավաբանին: Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողին անգամ հայտնի է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի համար, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար:
- ՀՔԾ պետն այդ գործերից մեկով դատական ակտից մեջբերում կատարելիս ասաց, թե դատավճռում խաղաղ ցուցարարներին ամբոխ եք անվանել: Այս ձևակերպումը կապ ունե՞ր խաղաղ ցուցարարների հետ, թե՞ միտում կար հանրությանն այլ լույսի ներքո ներկայացնել փաստերը:
- Սա հերթական աբսուրդ հայտարարությունն էր, քանի որ ես ամբոխ եմ անվանել հենց ամբոխը, որն այրում ու թալանում էր պետական, հանրային և մասնավոր գույքը, և ասվածը մարտի 1-ին խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց հետո որևէ կապ չուներ: Պարոն Խաչատրյանն այդ ամբոխն ու մարտի 1-ի խաղաղ ցույցի դուրս եկած ցուցարարներին չի առանձնացնում և դա անում է միտումնավոր, ինչն արդեն վտանգավոր է:
- Մարտի 1-ի գործերով Ձեր կողմից նախկինում քննված, արդեն օրինակ ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների մասին վերջին օրերին շատ խոսվեց, սակայն եղել են նաև արդարացման դատական ակտեր, ինչի մասին լռում են: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվում:
- Այո, ճիշտ նկատեցիք, իմ կողմից քննված, այսպես ասած, մարտի 1-ի գործերից մի քանիսի վերաբերյալ վերջին օրերին անդրադարձ կատարվեց որոշ անձանց կողմից, բոլոր գործերով մեղադրական դատավճիռներ կայացրել եմ՝ օրենքի տառը պահպանելով, այլ կերպ չէր կարող լինել: Նույն օրենքի տառը պահպանելով էլ կայացրել եմ նաև մարտի 1-ի գործերով արդարացման դատավճիռներ, որոնց մասին, չգիտես ինչու, չի խոսվում: Համոզված եմ՝ դարձյալ միտումնավոր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: