03/09/2018 19:04
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
Նորին Սրբությունը և ՀՀ վարչապետի տիկինն այցելել են կենտրոնի մանկական բաժանմունքում բուժում ստացող տասնվեց մանուկներին և պատանիներին: Իր օրհնությունը և շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները փոխանցելով երեխաներին` Վեհափառ Հայրապետը նրանց ընծայել է մանկական Աստվածաշնչեր և մանրանկարներով զարդարված խաչեր: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից այցի առիթով նրանց ընտանիքներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն։
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը և տիկին Աննա Հակոբյանը զրույց են ունեցել կենտրոնի պատասխանատուների և բժիշկների հետ։ Կենտրոնի տնօրինությունը տեղեկություններ փոխանցեց կենտրոնի գործունեության, առկա մարտահրավերների և ապագա ծրագրերի վերաբերյալ:
Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատել է կենտրոնի բժշկական անձնակազմի դժվարին ծառայությունը։ Նորին Սրբությունը կարևորել է նաև մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը նպաստելուն կոչված նախաձեռնությունները` վստահեցնելով, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի պարբերաբար աջակցել և զորակցել նման ծրագրերին` օգնելու երեխաներին վերադարձնել իրենց ժպիտն ու հոգու ուրախությունը և ապահովելու նրանց համար անվրդով և երջանիկ մանկություն: