Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանը զարգացնելու է մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլը
04/09/2018 12:13

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանը զարգացնելու է մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնների համատեղումից ոչ մեկը, ոչ մյուսը չեն տուժի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ժամանակը ցույց կտա, որ ոչ ազգային անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքները», - ասաց Ա.Վանեցյանը։

Նա նշեց, որ արդեն որոշակի ուսումնասիրություններ կատարել է ու իր ծրագրերը կներկայացնի ֆեդերացիայի նախագահի ընտրության օրը՝ սեպտեմբերի 22-ին։

«Առաջնահերթությունների թվում է մասսայական ֆուտբոլի ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերի, ըստ Վանեցյանի, ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կառույց է:

«Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել», - ասաց նա։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանը զարգացնելու է մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլը