Ներդրողներին «հեղափոխություն» բառը ավելի շատ վանում է. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)
07/09/2018 18:13

Ներդրողներին «հեղափոխություն» բառը ավելի շատ վանում է. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ առաջին կիսամյակը տնտեսության համար բավականին տպավորիչ արդյունքներ է ապահովել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պատճառներից մեկը ԵԱՏՄ անդամակցության արդյունքում նոր հնարավորությունների ձեռքբերումն էր. «Եթե ուշադրություն դարձնեք, մեր արտահանման մեջ ԵԱՏՄ ծավալը շատ տպավորիչ աճ է ապրել», - ասաց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ արձանագրված տեղաշարժերը պայմանավորված են նախկին իշխանությունների կողմից ընդունած համակարգային բնույթի որոշումներով:

Միևնույն ժամանակ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ ներդման ուղղությամբ համակարգված աշխատանքներ չեն տարվում.

«Կա կարծիք, որ եթե մենք կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարենք, ապա բոլորը վազելով գալու են Հայաստան: Ես բացարձակապես չեմ մերժում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, համոզված եմ, որ միայն բռնելով ու դատելով չես պայքարի դրա դեմ: Շատ երկրներ կան, որտեղ գողության համար ձեռք են կտրում, բայց դրանից գողությունը չի վերանում, հետևաբար ոչ միայն պատժել է պետք, այլև  համակագային փոփոխություն կատարել, որպեսզի կոռուպցիան վերանա», - նշեց նա՝ ընդգծելով, որ ներդրողներին «հեղափոխություն» բառը ավելի շատ վանում է, քանի որ այն այն անկանխատեսելի հետևանքներ է ենթադրում և դրանում ներդրողներին մեղադրել չի կարելի:

Մեզ հետ զրույցում Խոսրով Հարությունյանը նաև անդրադարձավ տարեվերջին ՌԴ հետ գազի սակագնի պայմանագրի ավարտին, որով 1000 խմ դիմաց Հայաստանի համար սակագին է սահմանված 150 դոլարը, արդյոք այս սակագինը կպահպանվի, Հարությունյանը նշեց, որ կանխատեսումներ չի կարող անել:  

«Ցավոք, էներգակիրները հայ-ռուսական հարաբերություններում ունեն ռազմավարական կարողություն: Երբեմն դրանց սակագների միջոցով միջպետական ուրիշ հարաբերություններ են կարգավորվում: Այստեղ մենք խնդիր ունենք ու շրջահայաց պետք է լինենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, հատկապես երբ նկատում ենք Ադրբեջանի ռազմավարական կարևորության ավելացումը Ռուսաստանի համար», - նկատեց նա:

Ներդրողներին «հեղափոխություն» բառը ավելի շատ վանում է. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)