11/09/2018 20:30
Արտգործնախարար Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին
Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է միջազգային հարթակում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև դրանց ժխտման դեմ պայքարին: Նա կարևորել է ԵԱՀԿ ԽՎ կողմից ցեղասպանությունների հիշատակման և կրթության վերաբերյալ հանձնառությունների իրականացումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է կարգավորման գործընթացն այլ հարթակներ, այդ թվում՝ խոհրդարանական, տեղափոխելու փորձերի բացառման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ միջազգային միջնորդության մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: