12/09/2018 15:42
Անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից` հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հարցում բոլորը միակարծիք են. Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի նպաստավոր համագործակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պետք է առավել ամրապնդել և նորովի զարգացնել:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հյուրերին վստահեցրել է. «Անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից և տարբեր հարցերում քաղաքական ուժերի դիրքորոշումից հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման ու զարգացման հարցում բոլորը միակարծիք են»:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան կարևորել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանը, հարաբերությունների ընդլայնմանը՝ էապես ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:
Արա Բաբլոյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինան մտքեր են փոխանակել բազմաթիվ ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու և առկա ծրագրերն ավարտին հասցնելու վերաբերյալ՝ փաստելով, որ տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ընդգծվել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը: