Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ՖԻՖԱ-ն դեմ են Լա Լիգայի խաղերն ԱՄՆ-ում անցկացնելու որոշմանը
13/09/2018 17:10

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ՖԻՖԱ-ն դեմ են Լա Լիգայի խաղերն ԱՄՆ-ում անցկացնելու որոշմանը

Լա Լիգայի այն հանդիպումները, որոնք նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ-ում և Կանադայում, այդուհանդերձ կանցկացվեն Իսպանիայում, հայտնում է Football Espana-ն:
 
Նախօրեին՝ սեպտեմբերի 12-ին, Մադրիդում հանդիպում է կայացել, որի ժամանակ Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դեմ են արտահայտվել Լա Լիգայի ղեկավարության՝ առաջնության խաղերն ԱՄՆ-ում անցկացնելու որոշմանը:
 
Ֆեդերացիայի ղեկավարության կարծիքով, Իսպանիայի առաջնության հանդիպումներն ԱՄՆ-ում և Կանադայում անցկացնելը բացասաբար կազդի լիգայի հեղինակության և իսպանացի երկրպագուների հետ հարաբերությունների վրա: ՖԻՖԱ-ից կարծիք են արտահայտել, որ այդ կերպ Լա Լիգան բիզնեսը կարևորում է ֆուտբոլից: Իսպանիայի կառավարությունում էլ կարծում են, որ Լա Լիգայի՝ «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումը Մայամիում անցկացնելու ցանկությունը կարող է նպաստել Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախացման գործընթացին:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լա Լիգայի, «Ժիրոնայի» և «Բարսելոնայի» նախագահները դիմել էին Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիա, որպեսզի վերջինս թույլ տա Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում: խաղը նախատեսված էր հունվարի 26-ին:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ՖԻՖԱ-ն դեմ են Լա Լիգայի խաղերն ԱՄՆ-ում անցկացնելու որոշմանը