.jpg)
14/09/2018 12:52
Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կնվազեցվի
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ֆինանսների նախարարության ներկայացրած «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագրի վերաբերյալ նախագծին:
Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ծրագրի միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, նաև մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:
«Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը, իսկ առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում», - ասաց Ա. Ջանջուղազյանը:
Նախարարն ասաց, որ օրենքի նախագծով նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:
«Զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել բնակարանի ձեռքբերման մրցույթին»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը: