22/09/2018 13:29
Մեքսիկայում լրագրող է սպանվել
Մեքսիկայի Չիապաս նահանգում անհայտ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas պարբերականի թղթակից Մարիո Գոմեսին: Ինչպես հայտնում է Excelsior պորտալը՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ սեպտեմբերի 21-ին, Յախալոն քաղաքում: Անհայտ անձինք մոտոցիկլետներով մոտեցել են Գոմեսի տանն ու գնդկահարել նրան տնից դուրս գալու պահին:
Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Մեքսիկայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր երկրում սպանվել է 138 լրագրող, իսկ 2005 թվականից ի վեր անհայտ կորած է համարվում զանգվածային լրատվամիջոցների 21 աշխատակից:
Վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է բռնությունների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է նարկոկարտելների միջև պայքարով՝ ԱՄՆ կոկաինի տարանցման նկատմամբ հսկողության համար։