25/09/2018 15:46
Թրամփն ու Մակրոնը միմյանց հանդեպ սառել են
ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հրաժարվել են բարեկամական գրկախառնություններից ու սիրալիրություններից, հայտնում է Associated Press-ը:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում նախագահները հանդիպել են ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում: Հերթապահ ձեռքսեղմումից հետո երկրների առաջնորդներն անմիջապես գործին են անցել՝ քննարկելով Իրանի հետ միջուկային գործարքի, Սիրիայի և ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև առևտրի հարցերը:
Չնայած Թրամփի և Մակրոնի հարաբերությունների որոշ «սառնությանը», նրանք, նախկինի նման, բարեկամաբար են տրամադրված, ընդգծում է գործակալությունը: Սակայն «բրոմանսը» (տղամարդկանց սերտ ընկերական հարաբերություններ), որի մասին նախկինում լրատվամիջոցները հաճախ էին գրում, նրանց միջև կարող է այլեւս չլինել:
Դեռևս մեկ ամիս առաջ Associated Press-ը նշել էր, որ Մակրոնը Թրամփի հանդեպ իր վերաբերմունքը փոխել է: Դա, մասնավորապես, արտացոլվել էր նրա ելույթում, որում նա հատուկ ուշադրություն էր դարձրել Եվրամիության շահերի առաջնահերթությանը: