08/10/2018 11:43
Մենք մեր քվեարկության, մեր խոստման, մեր պայմանավորվածության տերն ենք. ՀՅԴ անդամ
Եթե չափանիշ ենք վերցնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ լինել կամ չլինելը, ապա բոլորին պետք է հիշեցնեմ, որ Դաշնակցությունը, երբ վարչապետ էր ընտրում, համաձայնությամբ կողմ էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսօր խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը։
«Մենք նորից, այսօր էլ հաստատում ենք, որ Դաշնակցությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մենք մեր քվեարկության, մեր խոստման, մեր պայմանավորվածության տերն ենք», - ասաց Սպարտակ Սեյրանյանը։
«Երբ մենք բոլոր քաղաքական ուժերով պայմանավորվում էինք մինչև մեկ տարվա ընթացքում ընտրություններ անցկացնելու մասին, հասկանում էինք, որ թե սեպտեմբերը, թե դեկտեմբերը, թե փետրվարը տեղավորվում են այդ մեկ տարվա հաստատման մեջ։ Եվ մի քիչ արդար չի, եթե չասեմ մանիպուլյացիա է, որ Դաշնակցությունն ուզում է, որ դա լինի մայիսին։ Մենք ասել ենք, թե ինչ քայլերից հետո պետք է լինեն արտահերթ ընտրություններ», - ասաց Սեյրանյանը։
Նա ևս մեկ անգամ կրկնեց, թե որ քայլերի մասին է խոսքը.
«Ընտրական նոր օրենսգիրք, ոստիկանության ենթակայության փոփոխություն և երրորդ՝ ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային ընդհանուր վստահության ձևավորում։ Իսկ դրա համար, նաև վարչապետն է նշել, որ անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի համար ապահովել հավասար պայմաններ։ Եթե այս բոլոր կետերը կատարվեն և ավարտվեն նույնիսկ դեկտեմբերի 1-ին, ուրեմն հաջորդ օրը կհայտարարվի ընտրությունների մասին, եթե հունվարի 15-ին, ուրեմն՝ հունվարի 15-ին»։
ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ եթե քաղաքական ուժերը բանակցությունների ճանապարհով, ոչ թե ճնշումների ու վերջնագրերի, որոշեն, որ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերին, այդ իմաստով ՀՅԴ-ն դարձյալ մնալու է իր դիրքորոշմանը, այն է՝ վարչապետի թեկնածու չի առաջադրի և որևէ կերպ չի խոչընդոտի, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն դեկտեմբերին։
Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ երբեք չեն խանգարի քաղաքական կոնսենսուսի գոյացմանը։