09/10/2018 17:45
Մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է ռեպրեսիվ ապարատը. Արմեն Աշոտյան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի համար զարմանալի է այսօր ստորագրահավաքին միացած գործընկերների վարքագիծը, քանի որ մի քանի օր առաջ ՀՀԿ խմբակցության տարածած հայտարարության տեքստի քննարկման ժամանակ այլ կարծիք նրանք չեն հայտնել։
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է ռեպրեսիվ ապարատը իր բոլոր հնարավորություններով, անգամ փորձում էին գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ», - այսօր խորհդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը։
Այդուհանդերձ, նա չբացառեց, որ եղել են պատգամավորներ, ովքեր ինքնակամ են ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ։
Աշոտյանն ասաց, որ պատգամավորների նկատմամբ ճնշումների մասին իր հայտարարությունները մերկապարանոց չեն։ «Նման լուրեր տարածվել են ու որոշակի տեղեկություններ ես ևս ունեմ։ Թող այդ մարդիկ իրենք խոսեն այդ ճնշումների մասին», - հավելեց Աշոտյանը։
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանի 16 պատգամավոր, այդ թվում նաև Հանրապետական խմբակցությունից, ստորագրել էին հայտարարություն, որի համաձայն, իրենք միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը դեկտեմբերին Հայաստանում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։