10/10/2018 16:51
Սա հորս մեծ վերադարձն է երևանյան բեմ. Հայկ Պետրոսյանի՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգի հատուկ հյուրը կլինի Վարդան Պետրոսյանը
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն իր՝ «Քեզ համար, Ազնավուր» խորագիրը կրող համերգաշարի մեկնարկը տվել է դեռևս 2016-ին՝ նպատակ ունենալով ազնավուրասեր հանրությանը պարբերաբար հաղորդակից դարձնել համաշխարհային շանսոնյեի երգացանկին: 2017-ին այն առավել մեծ թափ ստացավ՝ աջակցությամբ ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի: 2018-ին արդեն երրորդ տարին նախատեսվում էր նույն խորագրով, բայց՝ նոր ծրագրով երեկո: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
«Նախորդ տարի այն ժամանակվա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ որոշեցինք համերգային այս նախագիծը ավանդույթ դարձնել ու ամեն տարի Ազնավուրի ծննդյան օրերին (ծնվել է մայիսի 22-ին՝ հեղ.) համերգ կազմակերպել: Նրա երգացանկն այնքան հարուստ ու բազմատեսակ է, որ, կարելի է ասել, արդեն մոտ 10 համերգի ծրագիր ունեինք: Այս տարի Լիլիթ Մակունցը սիրով համաձայնվեց մեզ աջակցել, միայն թե որոշեցինք համերգային ամիսը մի փոքր հետ գցել՝ գարնանից տանելով աշուն, քանի որ հոկտեմբերը նաև Ֆրանկոֆոնիայի շրջան է: Չէինք էլ մտածում, որ, ցավոք, Ազնավուրին նվիրված համերգը կարող է դառնալ համերգ՝ ի հիշատակ նրա: Վստահ էի, որ նա ամենաքիչը մինչև 100 տարեկանն ապրելու է, նույնիսկ մտածում էի, որ հիմիկվանից պետք է ձեռքբերել նրա 100-ամյակի համերգի տոմսերը», - Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված առաջիկա համերգին՝ մանրամասնեց երիտասարդ երգիչը:
Ի դեպ, 2017 թվականի համերգին ներկա էր նաև Ազնավուրը, ում ներկայությունը երիտասարդ երգչին ոչ միայն ոգևորել էր, այլև՝ հուզել:
«Երբ բեմից տեսա, որ նա կանգնած ինձ է ծափահարում, ապշել էի, 20-25 րոպե ուշքի չէի գալիս: Հետո բոլորը նրան էին մոտենում, նկարվում, բայց ես անկյունում կանգնել ու ամաչում էի մոտենալ, տեղիցս չէի շարժվում: Ինձ մի կերպ մոտեցրեցին ու ներկայացրեցին: Գովասանքի խոսքեր ասաց, որոնց համար շատ-շատ ուրախ էի: Ցավոք, միակ անձնական շփումս նրա հետ դա է եղել», - ափսոսանքով նշեց նա:
Հ. Պետրոսյանը խոստովանեց՝ թեև միշտ էլ իր բեմելներին պատասխանատվությամբ է վերաբերվել, սակայն այս դեպքում այն կրկնապատկվել է: Հոկտեմբերի 29-ին և 30-ին երգիչը հանդես կգա նաև համերգավարի կարգավիճակում:
Այս համերգին համագործակցելու են նոր նվագախմբի ու երիտասարդ սերնդի երգիչ-երգչուհիների հետ՝ Մաշա Մնջոյան, Սոնա Ռուբենյան, Գոռ Սուջյան, Աղվան Պապոյան, Էրիկ, Իվետա Մուկուչյան և այլք: Երեկոյի հատուկ հյուրն է լինելու դերասան Վարդան Պետրոսյանը:
«Ինձ համար շատ կարևոր ու առանձնահատուկ է, որ այդ օրը կողքիս է լինելու նաև հայրս: Նա 5 տարի Երևանում բեմ չի բարձրացել: Այս տարի հյուրախաղերով տարբեր երկրներում եղավ, բայց բացակայությունից հետո իր երևանյան բեմելը նախատեսում էր 2019-ին: Ես օրեր առաջ խոսեցի իր հետ, խնդրեցի, որ ինքն էլ մասնակցի Շառլ Ազնավուրի հիշատակին պատրաստվող համերգին: Չմերժեց, ասաց, որ մեծ սիրով կգա իր հարգանքի տուրքը մատուցելու: Ու փաստորեն, կարելի է ասել՝ սա հորս մեծ վերադարձն է երևանյան բեմ, որին անձամբ ես սրտի թրթիռով եմ սպասում: Վստահ եմ՝ հանդիսատեսն էլ կարոտել է նրան: Թեև, սպասում եմ նաև այն օրվան, երբ նա կվերադառնա իր բեմ, ու ես էլ իրեն շատ սիրող որդուց կդառնամ իրեն շատ սիրող հանդիսատեսը ու իր ներկայությունը բեմի վրա կվայելեմ դահլիճից», - նկատեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ արդյոք երեկոն միայն երաժշտական է լինելու, և թե ազնավուրյան շուրջ 1000 երգերից որոնք կհնչեն այս համերգին, պատասխանեց.
«Իր երգացանկից մոտ 50-60 կատարում համարվում են ոսկե հիթեր, որոնք ապրում ու անընդհատ լսվում են արդեն 50 տարուց ավելի: Ես մի քանի անգամ բախտ եմ ունեցել լինել շանսոնյեի համերգներին. նա սկզբում 4-5 երգ կատարում էր իր նոր գրած երգերից, հետո կեսկատակ-կեսլուրջ ասում՝ իսկ հիմա կերգեմ այն երգերը, որոնց համար դուք եկել եք: Այս համերգին էլ իր լավագույն ու սիրված կատարումներն անպայման կլինեն: Որոշները մենք կմատուցենք նոր գործիքավորմամբ, բայց ոչ այնքան տարբեր, որ հանդիսատեսի ականջին օտար թվա: Ընթացքում էլ կներկայացնենք կարևոր ու հետաքրքիր դրվագներ ու պատմություններ՝ Ազնավուրի կյանքից ու գործունեությունից: Նա անհատ էր, ով մշտապես պայքարի մեջ է եղել ու ու ապացուցել, որ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է… Հիմա մենք հաճախ ենք օգտագործում «դուխով» արտահայտությունը, բայց այդպես դուխով դեռ 30-40-ական թվականներից Ազնավուրն էր ապրում: Ու շատ եմ կարևորում այն, որ իրեն ներկայացնենք ոչ միայն որպես երգիչ, այլ նաև՝ մարդ, ով փառահեղ ու դաստիարակիչ կյանք է ապրել»:
«Քեզ համար, Ազնավուր» խորագիրը կրող համերգը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին և 30-ին՝ ժամը 19:30-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հայկ Պետրոսյանը շեշտեց՝ ծախսատար այս նախագծին աջակցել են ՀՀ Մշակույթի նախարարությունը և Ինեկոբանկը: Կազմակերպչական հարցերում երգչին օգնել է «Յունիթի» ընկերության ղեկավար Ալեքսանդր Մհերյանը: