15/10/2018 15:25
«Հայրենիք» խմբակցությունը Արցախի ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին
Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները՝ խորհրդարանական խմբակցությունները սահմանված ժամկետում պետք է թեկնածու առաջադրեն ՄԻՊ թափուր պաշտոնի համար:
«Հաշվի առնելով խմբակցության անդամների հետ մեր նախնական քննարկումները՝ այդ պաշտոնի համար առաջադրում եմ Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ, որոնք, համոզված եմ, այդ պաշտոնում լավագույնս կծառայեցվեն ի շահ մեր քաղաքացիների և մեր հանրապետության», - ասել է Ա. Թովմասյանը:
Խմբակցության անդամները ողջունել են Ա. Բեգլարյանի թեկնածությունը և միաձայն որոշմամբ նրան առաջադրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: