17/10/2018 13:39
Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ. Աշոտյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն եմ ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:
Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը, որը հանդիսանում է ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը:
Այն Հայաստանի պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է (think-tank):
2000 թվականից առ այսօր հիմնադրամը հաստատել է կապեր միջազգային կառույցների հետ, համագործակցել է տարբեր պետական կառույցների ՝ այդ թվում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ խթանելով տվյալ կառույցների հետազոտական գործունեությունը, օժանդակելով նորարարական մշակումներին և ռազմավարական որոշումների կայացմանը:
Մատնանշեմ, որ կառույցն իր աշխատանքներում ունի չօգտագործված ներուժ՝ հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության առումով, սակայն այս հանգամանքը բնավ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս գործունեության դադարեցման համար:
Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ:
Պարոն վարչապետ, կոչ եմ անում Ձեզ վերանայել Ձեր մոտեցումը՝ առավել մանրամասն ուսումնասիրելով հիմադրամի կատարած աշխատանքները և նշանակությունը Հայաստանում վերլուծական-փորձագիտական մտքի հետագա զարգացման համար», - Facebook-յան իր էջում գրել է Աշոտյանը։