17/10/2018 12:00
Չունեմ այն ենթադրությունը, որ անձի դեմ ցանկանում են «սարքել». Մանվել Գրիգորյանի պաշտպան
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնված զինվորի սնունդը, հագուստը և մնացած իրերը ապրիլյան պատերազմից հետո ևս մեկ տարի մնացել են Արցախի համապատասխան տեղերում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
«Վայրը, որտեղից առգարավեցին այդ սնունդը, եղել է ԵԿՄ պահեստը: Այնտեղ եղել է ոչ միայն այդ սնունդը, այլև` բազմաթիվ տասնյակներով մեքենաներ, ԵԿՄ մեքենաներ: Այնտեղ այլ կառույցներին պատկանող գույք էլ է եղել: Այո, սեփականության իրավունքով տարածքը պատակնել է իմ պաշտպանյալին, բայց այստեղ եղել են տարբեր կազմակերպություններ», - մանրամասնեց նա:
Դիտարկմանը, թե ծանրոցներում նաև գտնվել են զինվորին ուղղված նամակներ, պաշտպանն ասաց, որ նամակներն արկղերի մեջ փակված են եղել ու իր պաշտպանյալը չի ունեցել դրա հետ որևէ կապ: Բաղդասարյանը ընդգծեց, որ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Կալանքի հետ կապված կան դժգոհություններ, բայց նախաքննության օբյեկտիվության հետ կապված այս պահին բացարձակ դժգոհություն չկա: Չունեմ այն ենթադրությունը, որ անձի դեմ ցանկանում են «սարքել»», - նշեց նա: