17/10/2018 14:08
Մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը, որպես մարդ ու որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանգիստ է վերաբերվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքել են նախկին և ներկա երկու պատգամավորներ ու միացել Նիկոլ Փաշինյանին, բայց այդ վարքագծի վերաբերյալ ունի իր դիրքորոշումը։
«Ես միշտ ասել եմ, որ մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը, որպես մարդ ու որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է, ես իրենց չեմ անդրադառնալու։ Ընդամենը ուզում եմ հիշեցնել մեր նախկին կուսակցի Արագած Ախոյանի խոսքը, երբ վերջին խորհրդրաանական ընտրություններում մասնակցում էր Հանրապետական կուսակցության ցուցակով և այնքան պարկեշտություն ունեցավ, որ տապալումից հետո անկեղծ հայտարարեց՝ մեր ժողովուրդը ճամբարափոխներին չի սիրում և չի ներում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Զոհրաբյանը։
Նշենք, որ օրերս տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը և «Ծառուկյան» խմբակցության ներկայիս պատգամավոր Վահան Կարապետյանը լքում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը և մտադիր են աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցնելով իշխանական ճամբար։
Ավելին, Լյովա Խաչատրյանն իր հերթին հայտարարել էր, որ մտադիր է նոր կուսակցություն հիմնել: