17/10/2018 14:27
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բոլոր թեմաները կրկնում են «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաներում ներառված թեմաները. Վահրամ Թոքմաջյանը
ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է խղճի, մտքի, դավանանքի ազատություն, ցանկացած այլ պարտադրանք երեխայի իրավունքների խախտում է, Մեդիա կենտրոնում հրավիրված «Հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն անհրաժեշտություն է, թե ավելորդություն» թեմայով քննարկմանն ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։
«Այն բոլոր թեմաները, որոնք վերաբերում են Հայ առաքելական եկեղեցուն, կրկնում են «Հայոց պատմություն» առարկայում ներառված, ինչպես նաև Հայ գրականություն և Մայրենի լեզու առարկաներում ներառված թեմաները», - ասաց Թոքմաջյանը՝ նշելով, թե կրթահամալիրը (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր), որտեղ ինքն աշխատում է, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի դասավանդվում։
«Մեր համառ ջանքերի շնորհիվ առարկան դուրս է մնացել ուսումնական պլանից։ Այս առարկայի ներառումը հանրակրթության մեջ ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի և սահմանադրության կոպտագույն խախտում է», - նշեց պատմաբանը։
Առարկան հանրակրթական դպրոցներում դասավանդվում է 5-րդ դասարանից, սակայն, ըստ Թոքմաջյանի, 5-րդ դասարանի կուրսը բացարձակ կապ չունի հայ եկեղեցու պատմության հետ.
«Դա մեկ ուրիշ պատվարժան ժողովրդի՝ հրեաների առասպելներն ու լեգենդներն են՝ Հին կտակարանի տեսքով»։
Ուսուցչի խոսքով՝ «մի շարք արհեստական տերմինների բազմաբնույթ շղարշի տակ սովորողի իրավունքը շպրտվել է 10-րդ կետ, և սովորողի հետ անում ենք այն, ինչ ուզում ենք»։
«Մենք գիտենք, թե ինչպես են խմբագրվում դասագրքերը, դրանք ընդամենը փող ուտելու պուտուկ են, խոսքը հատկապես հասարակագիտական բոլոր դասագրքերի մասին է։ Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, սկսած Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հիմնումից, եպիսկոպոսական ժողովներից և իր գործունեությունից, շատ լավ արտացոլված է «Հայոց պատմություն» առարկայի բոլոր օղակներում», - ասաց Վ. Թոքմաջյանը։